Լիբիայի առաջնորդ, գնդապետ Մուամար Քադաֆին պատրաստ է թողնել իշխանությունը: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն: Քադաֆիի պլանների մասին հաջողվել է իմանալ նրա բանագնացներից, ովքեր բանակցություններ են վարում Ֆրանսիայի հետ: Ժյուպեի խոսքով, արդեն ոչ թե Քադաֆիի հեռանալ-չհեռանալու հարցն է դրված, այլ երբ եւ ինչպես հեռանալու հարցը, հաղորդում է radiomayak.ru-ն:
Այսօր երեկոյան Ֆրանսիայի խորհրդարանը պետք է քվեարկության դնի հարցը, թե արդյոք կերկարաձգվի՞ ՆԱՏՕ-ի հետ համատեղ գործողության ժամկետը:
Նախքան քվեարկությունը, պատգամավորների առջեւ ելույթ է ունեցել երկրի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Նա ընդգծել է, որ գնդապետ Մուամար Քադաֆին չի կարող մասնակցել Լիբիայի քաղաքական ապագայի կառուցմանը: Ֆիյոնը բարձր է գնահատել դաշնակիցների հաջողությունները: Միաժամանակ, պատերազմում, բեկումնային պահը դեռ չի եկել, արձանագրել է վարչապետը:
Փորձագետների խոսքով, այսօրվա քվեարկության ընթացքում ինտրիգ չի լինի: Առանցքային քաղաքական ուժերն արդեն համաձայնեցրել են իրենց դիրքորոշումը եւ պատրաստվում են «կանաչ լույս» վառել Լիբիայում գործողությունների շարունակման հարցում:




























