Թուրքական միջանցք չկա: Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարությունների հայտարարությունները` հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի քննարկման համար հատուկ բանագնացներ նշանակելու պատրաստակամության մասին։
Նրա խոսքով՝ ամեն օր հասարակությունը հավաստիացումներ է ստանում, որ միջանցքի շուրջ քննարկումներ չկան։ «Կլինեն տարածաշրջանի հետ կապված քննարկումներ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում»,- պարզաբանեց նա։ Քոչարյանը կարեւորեց, որ Հայաստանի կողմից սպասարկվեն դրական տեղաշարժերը, եւ որպեսզի առաջին սպասարկման հարթակները լինեն երկրի ամուր ու ապահով սահմանները:
Դրանից հետո «Թավշյա հեղափոխության» կարկառուն դեմքերից մեկը, որը երկրին խոսքի լիակատար ազատություն եւ ժողովրդավարություն էր խոստանում, վստահություն հայտնեց, որ հայ լրագրողները պետք է սպասարկեն պաշտոնական տեղեկատվությունը, թեեւ նրանցից շատերը, նրա խոսքով, սպասարկում են Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունները: «Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ խոսելու անհրաժեշտություն կա։ Եվ դրա համար կան իրենց կողմից եւ մեր կողմից նշանակված մարդիկ։ Երբ այդ անձի (Հայաստանի հատուկ բանագնացի - խմբ.) անունը հայտարարվի, լրագրողները հնարավորություն կունենան հարցազրույց անցկացնել այդ պաշտոնյայի հետ եւ հարցերի պատասխաններ ստանալ գործընթացի հենց սկզբից»,- վստահեցրեց Փաշինյանի թիմակիցը։
Նա հիշեցրեց, որ նախկինում Ալիկ Արզումանյանի օրոք հայ-թուրքական հարաբերությունների հարցով խումբ է եղել, եղել են հանդիպումներ, քննարկումներ։ «Հետո դա դարձավ հրապարակային, ինչը կասեցրեց հետագա գործընթացները։ Հիմա մենք նոր փուլ ենք մտնում ու սկսում ենք խոսել։ Այնպես չէ, որ ինչ-որ բան փոխվել է, պարզապես խոսակցություն սկսելու անհրաժեշտություն առաջացավ»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը՝ չբացատրելով, թե այդ «անհրաժեշտությունը» որտեղից է բխում եւ ինչում է այն կայանում:
Իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչը չպատասխանեց հարցին` արդյոք հայ-թուրքական հարաբերությունների գինը հրաժարումն է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից։ «Ուզում եք հանրաքվե՞ անցկացնել Թուրքիայի հետ խոսելու համար»,- հարցրեց իշխող կուսակցության պատգամավորը։











