Հայաստանի դիրքորոշումը մշտապես եղել է ան, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների սկիզբ դնելուն՝ առանց որևէ նախապայմանների: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Հայկական կողմը որեւէ բանից չի հրաժարվում, խոսքը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների սկիզբ դնելու մասին է։ Սա որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային և պետական շահերից։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը», - ասաց Աղաջանյանը։

Նա հավելեց, որ թե Հայաստանը, թե Թուրքիան, կշահեն երկկողմ հարաբերությունների նորմալացումից. «Մենք գիտենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները վերջին 30 տարիներին եղել են բարդ եւ, ըստ էության, մշտապես այդ գործընթացի վիժեցվել է հենց Թուրքիայի կողմից: Թուրքիան միշտ դրել նախապայման: Այս համատեքստում տրամաբանական է, որ հայաստանն առաջ է քաշում թեզը, որ այդ հարաբերությունների սկիզմը պետք է լինի առանց որեւէ նախապայմանի»,-ընդգծեց Աղաջանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ։

ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել էին, որ Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

Էդուարդ Աղաջանյանն ասաց, թե դեռ որոշված չէ՝ ով է լինելու Հայաստանի ներկայացուցիչը։