Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Կրեմլի կայքը։

Նախագահները մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վիճակը։ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքները։ Պուտինը պատմել է, թե ինչպես է տարածաշրջանում միջոցներ ձեռնարկվում հրադադարի պահպանման, փախստականների վերադարձի եւ առեւտրատնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման համար։

Զրուցակիցները հույս են հայտնել, որ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին նախատեսված ԵՄ կառույցների ղեկավարների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ նույնպես օգտակար կլինի եւ աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների գծով աշխատանքի ակտիվացման նպատակահարմարությանը:

ԵՄ երկրների հետ Բելառուսի սահմաններին տիրող իրավիճակի վերաբերյալ Մակրոնի կողմից բարձրացված հարցի առնչությամբ ՌԴ նախագահը Մինսկի հետ ԵՄ անդամների ներկայացուցիչների անմիջական շփումներում ծագած խնդիրների քննարկման օգտին է հանդես եկել։ Նա ուշադրություն է հրավիրել Լեհաստանի եւ Բալթյան երկրների կողմից փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունների խախտումների եւ միգրացիոն ճգնաժամը մարդասիրական իրավունքին համապատասխան լուծելու անհրաժեշտության վրա։

Երկուստեք ներկայացվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի սկզբունքային գնահատականներ։ Վլադիմիր Պուտինը կոնկրետ օրինակներ է բերել, որոնք վկայում են Կիեւի կողմից Մինսկի համաձայնագրերի խախտման մասին, որոնք ուկրաինական ներքին ճգնաժամի կարգավորման անվիճելի հիմք են հանդիսանում։ Նշվել է նաեւ, որ ուկրաինական իշխանությունները միտումնավոր սրում են իրավիճակը շփման գծում, ընդ որում՝ արեւմտյան մի շարք երկրների թողտվությամբ։ Բացի այդ, Ուկրաինան համալրվում է ժամանակակից սպառազինությամբ, ինչն ուղղակի վտանգ է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար։

Պուտինն ընդգծել է միջազգային բանակցությունների անհապաղ մեկնարկի կարեւորությունը՝ օրինականորեն ամրագրված երաշխիքներ մշակելու համար՝ բացառելով ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացումը դեպի արեւելք եւ Ռուսաստանին սպառնացող զենքի տեղակայումը հարեւան երկրներում, առաջին հերթին՝ Ուկրաինայում։ Այս մասին ասվել էր նաեւ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ վերջերս կայացած տեսակոնֆերանսի ժամանակ։

Ռուսաստանի ղեկավարը ֆրանսիացի գործընկերներին կոչ է արել ըմբռնումով վերաբերվել արտահայտված մտահոգություններին եւ մասնակցել դրանց քննարկմանը։