Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը երեքշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։

«Հանդիպմանը նշվել է Եվրամիության աջակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծմանը եւ սահմանազատմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել հաղորդակցությունների բացման, հումանիտար հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ալիեւն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում՝ «Արեւելյան գործընկերության» դեկտեմբերի 15-ին կայանալիք գագաթաժողովին մասնակցելու համար։ Երեքշաբթի օրը նախատեսված է նրա հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ։