Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ գտնվում է Բրյուսելում։

«Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի է Հայաստանի համար։

Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի եւ Լաչինի միջանցքում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի անցագրային ռեժիմի իրավական ասպեկտին, ապա այն պետք է լիովին նման լինի Լաչինի միջանցքի ռեժիմին։ Եռակողմ հայտարարության մեջ (ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարություն) հստակ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգ եւ անխոչընդոտ կապը Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, իսկ Հայաստանը ապահովում է նույն անվտանգ եւ անխոչընդոտ կապը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն միջեւ»,- հայտարարել էր նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուֆլիսի ժամանակ: