Իրանը հավելյալ պայմաններ չի դնում Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցություններում։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է Համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ միջուկային գործարքի երկարաձգումը հնարավոր է միայն «բոլոր անհրաժեշտ պայմանների» առկայության դեպքում։ «Մենք որեւէ նոր կամ նախապայման չենք առաջադրում։ Խոսքը ԳՀՀԾ-ով եւ [ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի] 2231 բանաձեւով նախատեսված պայմանների մասին է»,- ընդգծել է դիվանագետը։

Իրանի իշխանությունները կշարունակեն զարգացնել իրենց հրթիռային եւ տիեզերական ծրագրերը, քանի որ դա Թեհրանի անքակտելի իրավունքն է, ասել է Թախտ-Ռավանչին։

«Մենք կշարունակենք մեր գործունեությունը բալիստիկ հրթիռների եւ տիեզերական ապարատների արձակման հետ կապված, որոնք անհրաժեշտ են անվտանգության, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական ոլորտում մեր շահերի պաշտպանության համար։ Սովորական հրթիռային ծրագրի մշակումը երկրի անքակտելի իրավունքն է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:

Իրանցի դիվանագետը վստահեցրել է, որ Թեհրանը կշարունակի մերժել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի դրույթների մեկնաբանումը խեղաթյուրելու ցանկացած փորձ եւ հրթիռների արձակման հետ կապված դրա դրույթների խախտում տեսնելու ցանկությունը։ «Բալիստիկ հրթիռների եւ տիեզերանավերի արձակումն ամենեւին էլ 2231 բանաձեւի առարկա չէ»,- ամփոփել է նա։

Իրանի իշխանությունները ցանկանում են երաշխիքներ ստանալ, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կվերացնի Թեհրանի դեմ բոլոր պատժամիջոցները, ինչպես նաեւ այլեւս դուրս չի գա ՀԳՀԾ-ից, ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը։

«Ակնհայտ է, որ Իրանը պետք է վստահ լինի, որ բոլոր պատժամիջոցները կվերացվեն, ԱՄՆ-ն կրկին դուրս չի գա ՀԳՀԾ-ից եւ չի խախտի դրանում եւ [ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի] 2031 բանաձեւում նշված ընթացակարգերը»,- ասել է նա լրագրողներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո: 
Իրանցի դիվանագետը հավելել է, որ Վիեննայում իրանական պատվիրակությունը «լուրջ եւ լավ պատրաստված է բովանդակալից եւ կառուցողական փոխգործակցության համար [բանակցությունների] մյուս կողմերի հետ», եւ «հուսով է, որ նույն մոտեցումը կտեսնի նրանց կողմից»։

Իրանի միջուկային համաձայնագրի եւ Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը սկսվել էր Վիեննայում նոյեմբերի 29-ին եւ դադարեցվել դեկտեմբերի 3-ին, երբ եվրոպացի մասնակիցները վերադարձան իրենց երկրներ՝ լրացուցիչ խորհրդակցությունների համար՝ նախքան երկխոսությունը շարունակելը: Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ եւս մեկ փուլ, որտեղ Իսլամական Հանրապետությունը կողմերին ներկայացրեց միջուկային գործարքի երկարաձգման մասին համաձայնագրի նախագիծը՝ ԱՄՆ պատժամիջոցների վերացման եւ միջուկային ծրագրին վերաբերող երկու փաստաթղթերի տեսքով։