Հայաստանի նորաստեղծ Flyone Armenia ավիաընկերության առաջին չվերթերը՝ Երեւան-Մոսկվա  եւ հակառակ ուղղություներով այսօր չեղարկվել են։  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից։ 

Flyone Armenia ավիաընկերությունն այսօր՝ դեկտեմբերի 15–ին, ժամը 7։00–ին պետք է իրականացներ Երեւան–Մոսկվա չվերթը, իսկ հակառակ ուղղությունը ժամը 13։40–ին, սակայն, երկուսն էլ չեղարկվել են։ 

Նշենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին  Flyone Armenia -ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։

Մամուլի հրապարակումների համաձայն, Flyone  Armenia ընկերությունը ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում։ Ավիաընկերությունը նախատեսում էր թռիչքներ իրականացնել Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիսի, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ եւ Թել Ավիվ ուղղություններով։

Դեռ դեկտեմբերի 10–ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էրր Flyone Armenia ավիաընկերությանը պատկանող օդանավի լուսանկար եւ կից գրել, որ Flyone Armenia-ի A320 օդանավը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան` կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով։ Airbus A320  ինքնաթիռը նախատեսված է 180 մարդու համար։

Flyone Armenia ավիաընկերությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, հեռախոսահամարին չեն պատասխանում, Քաղավիացիայի կոմիտենց եւս հեռախոսազանգերին չարձագանքեցին։ 

Ըստ hraparak.am-ի, Ռուսաստանը թույլտվություն չի տվել այս ընկերությանը թռիչքներ իրականացնել ՌԴ քաղաքներ։