Մոլդովայի տեղեկատվության եւ անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել եւ խուզարկել են ռուս լրագրող, WarGonzo նախագծի հիմնադիր Սեմյոն Պեգովին։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Պետդումայի պատգամավոր Արտեմ Տուրովը։

«Այս գիշեր Քիշնեւից Մոսկվա չվերթի ժամանակ Պեգեվին  կանգնեցրել են եւ ավելի քան մեկ ժամ պահել»,-գրել է խորհրդարանականը։ Նրա խոսքով՝ ռուս լրագրողը նկարահանել է սյուժեներ Մերձդնեստրյան հակամարտության պատմության եւ իրադարձությունների, դրա կարգավորման գործում Ռուսաստանի դերի մասին։ 

Տուրովը հայտնել է, որ մոլդովական հատուկ ծառայությունների աշխատակիցները խուզարկել են Պեգովին, զննել նրա հեռախոսները, նոութբուքը եւ այլ սարքավորումներ, ինչպես նաեւ սպառնացել են նրան հանձնել Ուկրաինայի անվտանգության ուժերին։ Ավելի ուշ ռուս լրագրողը, «ով շատ ադեկվատ է արձագանքել տեղի ունեցածին», ազատ է արձակվել։ «Բայց բոլոր անբարյացակամ գործողությունները, այն պայմաններում, երբ մեր երկիրն աննախադեպ օգնություն է ցուցաբերում Մոլդովային, տարակուսանք են առաջացնում»,-եզրափակել է պատգամավորը, հայտնում է Lenta-ն։