Տեսակոնֆերանսների Zoom հարթակը միացել է հակաահաբեկչական կազմակերպությանը, որը ստեղծվել է ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում՝ Meta Platforms Inc-ի եւ Microsoft Corp-ի կողմից, հայտնում է Reuters-ը։

Այս քայլը նշանավորում է Ահաբեկչության դեմ գլոբալ ինտերնետ ֆորումի (GIFCT) վերջին ընդլայնումը, սա անկախ խումբ է, որի միջոցով անդամ-ընկերություններն իրենց կայքերում տեղեկություններ են փոխանակում ահաբեկչության եւ ագրեսիվ ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ:

Zoom Video Communications Inc-ը, որի օգտագործումը կտրուկ աճել է COVID-19 համավարակի ժամանակ, բայց վերջին ամիսներին սկսել է դանդաղել, մանրամասն ստուգման է ենթարկվում բովանդակության եւ իր հարթակում չարաշահման վերահսկման առումով:

GIFCT-ն այս տարի ավելացրել է հինգ նոր հարթակներ, որոնց թվում են՝ բնակարանների վարձակալության հսկա Airbnb-ն, Tumblr սոցիալական ցանցը եւ առցանց հրատարակությունների WordPress հարթակը:

Տեխնոլոգիական ընկերությունները արդեն վաղուց քննադատվում են այն բանի համար, որ իրենց հարթակներում ագրեսիվ ծայրահեղական գործունեությունը չեն կարողանում սահմանափակել, թեեւ նաեւ բախվում են խոսքի ազատության հետ կապված խնդիրների:

GIFCT-ը ստեղծվել է 2017 թվականին՝ Փարիզում եւ Բրյուսելում մահացու հարձակումներից հետո ԱՄՆ-ի եւ եվրոպական կառավարությունների ճնշման ներքո: Դրա հիմնադիրներն են Facebook-ը, Microsoft-ը, Twitter-ը եւ YouTube-ը։

«Մենք պարտավոր ենք աջակցել մեր օգտատերերին եւ պաշտպանել նրանց ցանցային սպառնալիքներից»,- ասել է Ջոշ Պարեկին՝ Zoom-ի վստահության եւ անվտանգության հարցերով գլխավոր իրավախորհրդատուի տեղակալը: «Համագործակցելով ոլորտի այլ առաջատարների հետ՝ կիսելով հիմնական գիտելիքները եւ առաջ մղելով հետազոտությունները՝ մենք ձգտում ենք թվային աշխարհն ավելի անվտանգ դարձնել բոլորի համար»:

ծ