Մենք ելնում ենք այն բանից, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստեր տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը։ Եւ, իհարկե, դա կօգներ վստահության եւ բարիդրացիության առողջ մթնոլորտի ձեւավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս տեսանկյունից մենք ողջունում ենք հարաբերությունների կարգավորման խնդիրները քննարկելու համար երկկողմ երկխոսություն սկսելու Երեւանի եւ Անկարայի կողմից ցուցաբերված տրամադրվածությունը։ Այս նպատակների համար կողմերի կողմից հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական եւ խելամիտ քայլ է՝ նման փոխադարձ ձգտումը զարգացնելու համար։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այս գործընթացին... Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստի կազմակերպումը նույնպես նպաստում է Երեւանի եւ Անկարայի, ինչպես նաեւ այս ձեւաչափում մյուս մասնակիցների մերձեցմանը: Հիշեցնեմ, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կենտրոնանալ գործնական հարցերի վրա... Ստամբուլ-Երեւան ուղիղ ավիաչվերթների վերսկսման նշված հեռանկարը նույնպես համապատասխանում է նման պայմանավորվածությունների նպատակներին եւ ոգուն։ Ուստի եւս մեկ անգամ ընդգծեմ, որ մենք կնպաստենք եւ կողջունենք Հայաստանի եւ Թուրքիայի ցանկացած քայլ, որը կօգնի փոխադարձ վստահության ձեւավորմանը եւ երկրների ու ժողովուրդների մերձեցմանը»,- նշել է նա։



























