ՍԴ-ն շարունակում է քննել մի խումբ պատգամավորների դիմումը ՀՀ առողջապահության նախարարի սկանդալային հրամանի հետ կապված։
Նիստի սկզբում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեղեկացրեց, որ ի պատասխան ՍԴ հարցման՝ առողջապահության նախարարությունից եւ կառավարությունից ստացվել են տեղեկություններ եւ նյութեր։
Հիշեցնենք, որ համաձայն նշյալ հրամանի՝ գործատուները պետք է աշխատակիցներից պահանջեն կամ երկու ամիսը մեկ կորոնավիրուսի բացասական թեստեր, կամ տեղեկանք պատվաստման մասին, հակառակ դեպքում աշխատակիցները կարող են աշխատանքից հեռացվել։
Հանդես գալով եզրափակիչ խոսքով՝ պատգամավոր Արամ Վարդեւանյանն ընդգծեց ՍԴ դերն ու Սահմանադրության կատարումը՝ որպես պետության երաշխավորի։ Նրա խոսքով՝ այս որոշումն անտեսում է Սահմանադրության պահանջները, իսկ ցանկացած սահմանափակում պետք է համապատասխանի օրենքին եւ հասարակության շահերին։ Այս դեպքում հրամանը դուրս է գալիս սահմանադրականության շրջանակներից, եւ պահպանված չէ ընդունված որոշման օրինականությունը։ Այս անչությամբ կառավարող ուժը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որպեսզի լեգալացնի որոշումը։ Վարդեւանյանը մեջբերեց Արսեն Թորոսյանի խոսքերը, որն ընդունել էր, որ հրամանը խնդիրներ ունի, եւ անհրաժեշտ է ամեն բան ամրապնդել օրենսդրական փոփոխությունների տեսքով։ Վարդեւանյանը փաստեց, որ իշխանությունները գնում են ոչ թե բացատրությունների եւ բնակչությանը տեղեկացնելու, այլ պարտադրման ուղիով։
Պատգամավորն անդրադարձավ նաեւ թեստերի արժեքին։ Նախարարության տվյալներով՝ դրանք արժեն 5 հազար դրամ։ Բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Վարդեւանյանի խոսքով՝ 5 հազար արժեն թեստերը միայն խոշոր կազմակերպությունների համար։ Իրականում արժեքը հասել է 40 հազարի, եւ դա նվազագույն աշխատավարձ ունեցող մարդու գրպանի բանը չէ, մոտեցումն ընդհանուր առմամբ ընդունելի չէ։ Ինչո՞ւ պետությունն իր վրա չի վերցնում այդ ծախսերը, չնայած բյուջեն ի վիճակի է անել դա։ Դրա փոխարեն մարդուն դնում են երկընտրանքի առջեւ՝ կամ չհաղթահարվող ծախսեր, կամ պատվաստում, փաստեց Վարդեւանյանը։
«Ինչո՞վ է պայմանավորված տեղեկատվական տեռորը։ Չպատվաստվածների սեւ ցուցակներո՞վ, աշխատանքից հեռացմա՞մբ, բուժօգնությունից զրկմա՞մբ»,- վրդովվեց Վարդեւանյանը՝ ավելացնելով, որ կան բավականաչափ հիմքեր հրամանը համարելու Սահմանադրությանը չհամապատասխանող։
ԱԺ ներկայացուցիչը որպես պատասխանող կողմ հայտարարեց, որ նախարարի՝ օրենսդրությունից բխող հրամանը համապատասխանում է օրենքի եւ Սահմանադրության պահանջներին, եւ խոսքը ոչ թե քաղաքացիներին պարտադրելու, այլ իրավիճակը կանոնակարգելու մասին է։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը՝ նույնպես որպես պատասխանող կողմ, հայտարարեց, որ հրամանն ուժի մեջ մտնելուց հետո կատարվել է ավելի քան մեկուկես մլն պատվաստում (առաջին եւ երկրորդ դեղաչափերով), իսկ պրոցեսն ապացուցել է արդյունավետությունը, քանի որ վարակման թվերը էապես նվազել են։
Լսելով կողմերին՝ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում ընդունելու։ Որոշման հրապարակման օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։











