Չի կարելի ասել, թե կառավարող ուժը Թուրքիայի հետ սահմանների բացման հարցում համապարփակ կոնսենսուս ունի տնտեսական էֆեկտի տեսանկյունից, բայց տարեվերջին նման կոնսենսուս ձեռք կբերվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 16-ին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Տարբեր կարծիքների առկայությունը նա համարում է նորմալ երեւույթ։ Նախարարը պարզաբանեց, որ ոմանց համար ավելի կարեւոր են լիբերալ մոտեցումները, մյուսների համար՝ ներքին շուկայի պաշտպանությունը, հատկապես թուրքական լիրայի ահավոր արժեզրկման ֆոնին։
Նրա գնահատմամբ՝ տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ պետք է կրեն սիմետրիկ բնույթ, իսկ նախապես անհրաժեշտ է մանրամասն վերլուծություն իրականացնել։ «Տնտեսական ցուցանիշների գնահատականը վկայել է այն մասին, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարացնելը ճիշտ քայլ էր։ Եթե նախկինում Հայաստանում 260 մլն դոլարի թուրքական ապրանքներ էին ներմուծում եւ արտահանում 2-3 մլն դոլարի ապրանք, ապա այս տարի ներմուծվել է տասն անգամ քիչ, արտահանման ցուցանիշները զրոյական էին»,- ավելացրեց Քերոբյանը։











