Ադրբեջանը հրաժարվել է միանալ Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության կետին, որը վերաբերում է Բելառուսի ներքաղաքական իրավիճակին, հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական պատվիրակության աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ պատվիրակությունը անհամաձայնություն է հայտնել նախօրեին Բրյուսելում կայացած գագաթաժողովի համատեղ հռչակագրի 11-րդ կետին՝ ներկայացնելով հատուկ կարծիք։ Գործակալությունը հավելել է, որ գագաթաժողովում Բաքվի պատվիրակության որոշման մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ 

Գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ ոչ մի հիշատակում չկա ԵՄ-ում գործընկերության մասնակից երկրների անդամակցության հեռանկարի մասին։ Հրապարակված փաստաթուղթը, որը պարունակում է 24 էջ, վերաբերում է միայն համագործակցությանը, տնտեսական ինտեգրմանը, բարեփոխումներին աջակցելուն եւ ապագայում զարգացման նպատակներին։ Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ երկրները աջակցում են բարեփոխումներին եւ ջանքերին, որոնք ուղղված են ԵՄ միասնական շուկայի ինտեգրմանը եւ Արեւելյան գործընկերության երկրների կարգավորող նորմերի՝ Եվրամիության կանոններին համապատասխանեցնելու գործընթացին։ Եզրափակիչ փաստաթղթի համաձայն՝ հաջորդ տարի Արեւելյան գործընկերության հանդիպումը չի կայանա, հաջորդ գագաթնաժողովը նախատեսված է 2023 թվականին։