ՀՀ նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի.
Ստեփան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, հոկտեմբերի 2-ին, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին ԱԱԾ-ն ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացրել։ Խուզարկել էին նույնիսկ Տոնոյանի մոր բնակարանը։
Դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել են նաեւ Դավիթ Տոնոյանը եւ զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։




























