Անցած տարվա 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո անհետ կորածների, գերիների հարցով մի քանի դատական գործընթացներ շարունակվում են տարբեր միջազգային ատյաններում։ Այս մասին դեկտեմբերի 16-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքով՝ հայկական կողմը թե՛ պատերազմի մասով, թե՛ վերջին իրադարձությունների հետ կապված բազմաթիվ դիմումներ է ներկայացրել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ։
«Դրանք, մասնավորապես, վերաբերում են ադրբեջանցիների կողմից գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքներին։ Ադրբեջանական կողմի պահվածքն այս գործընթացում, իհարկե, սպասելի էր։ Դա հակասում է դատարանի կողմից նախկինում հնչեցվաշ որոշումներին»,- պարզաբանեց Կիրակոսյանը։
Նա նաեւ նշեց, որ ադրբեջանական կողմը հետեւողականորեն խախտում է նշված ժամկետները եւ տրամադրում է ոչ ճշգրիտ տեղեկատվություն։
Նա չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորների գնահատականի հետ, ովքեր հայտարարեցին, թե ՄԱԿ-ի դատարանը, ըստ էության, հավասարության նշան է դրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։




























