Այս տարվա առաջին կիսամյակում Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) կողմից բռնագանձումների եւ վերականգնումների ծավալը գերազանցել է  6.8 մլրդ. դրամի սահմանագիծը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:

Այսօր` հուլիսի 13-ին, ԴԱՀԿ ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը։

Նշվել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում  հարուցվել է 42.761 կատարողական վարույթ՝ 2010 թվականի  նույն ժամանակահատվածի 37.828-ի դիմաց, աճը կազմել է 13 տոկոս։

Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պարտապանների օգտին բռնագանձվել եւ վերականգնվել է 6.848.426.092 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում բռնագանձված եւ վերականգնված 5.530.391.967 դրամ գումարի դիմաց։ Աճը կազմել է 23 տոկոս,  այդ թվում՝ պետական բյուջեի օգտին 1.098.112.313 դրամ, նախորդ տարվա 649.366.178 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 69%, իրավաբանական անձանց օգտին՝ 4.166.769.491 դրամ, նախորդ տարվա 3.054.872.519 դրամ գումարի դիմաց, աճը՝ 36 %, ֆիզիկական անձանց օգտին՝  867.064.361 դրամ, նախորդ տարվա 754.761.263 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է  15%, հայցի ապահովումներով վերականգնվել է 716.479.927 դրամ, նախորդ տարվա 1.071.392.007 դրամ գումարի փոխարեն: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 14.090 վարույթների: Ավարտված եւ կարճված կատարողական վարույթների աճը կազմել է 56 %։