Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների եվրոպացի մասնակիցները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) պետք է լրջություն եւ վճռականություն դրսեւորեն՝ առաջ մղելու համար Իրանի միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների պլանի վերականգնման բանակցությունները: Այս մասին ըստ իրանական «ԻՌՆԱ» գործակալության դեկտեմբերի 18-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:

Իրանցի դիվանագետը նշել է, որ երեք եվրոպական երկրները իրենց հրապարակային հայտարարություններում բազմիցս խեղաթյուրել են Համատեղ համապարփակ գործողությունների պլանի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Չնայած արեւմտյան կողմի հայտարարությունների, թե Իրանը բանակցություններում ընդմիջում է պահանջել, իրականում դա կապված է Եվրոպայում Նոր տարվա եւ Սուրբ ծննդի տոների հետ: Առաջին անգամ չէ, որ արեւմտյան պտությունները խեղաթյուրում են իրականությունը եւ ներկայացնում ոչ ճիշտ տեղեկատվություն»,-ասել է նա:

«Հավանական է, որ եվրոպական երկրները ցանկանում էին նման ոչ իրատեսական հայտարարություններով քողարկել ավելի շուտ իրենց մայրաքաղաքներ վերադառնալու սեփական նախաձեռնությունը»,-ընդգծել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: