Հայաստանում մինչեւ վերջերս ոչ ոք չգիտեր, թե ինչ է կիբերսպորտը: Հայերի երիատասարդ սերունդը, որը ժամերով համակարգչային խաղ էր խաղում, կարծում էր, որ դա ընդամենը զվարճանք է` չենթադրելով, որ համակարգչային խաղերի ինդուստրիան կարող է լուրջ հեռանկարներ բացել:

Կիբերսպորտը բազմաթիվ խաղացողների միաժամանակյա մասնակցությամբ համակարգչային խաղերի մրցում է, որտեղ մասնակիցն ունի վարպետության գագաթների հասնելու, միջազգային մրցումների մասնակցելու, մեդալներ նվաճելու, վերջապես, վաստակելու հնարավորություն:

Արեւմուտքում կիբերսպորտի ներկայացուցիչները պայմանագրեր ունեն աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների (Intel, Zotac, ASUS) հետ, ստանում են աշխատավարձ, ազգային դրոշով հանդես են գալիս միջազգային ասպարեզում:

Վերջերս Երեւանում կայացավ համակարգչային խաղերի Հայաստանի 5-րդ առաջնությունը, որը WCG (World Cyber Games) աշխարհի առաջնության ընտրական մրցաշար է: Մրցման արդյունքներն ամփոփելու եւ Հայաստանում կիբերսպորտի զարգացման հեռանկարները պարզելու նպատակով NEWS.am-ը զրուցել է Կիբերսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի (NPCL) նախագահ Էդգար Սահակյանի հետ:

«5-րդ առաջնությունն ամենախոշորն էր, ամենահաջողվածը եւ մեծ պատասխանատվություն է դնում մեր վրա: Մինչեւ այսօր այդ ընդգրկման կիբերսպորտային միջոցառում Հայաստանում չէր եղել: Հայաստանում կա կիբերսպորտի նկատմամբ հետաքրքրության ակնհայտ աճ: NPCL-ի նպատակն էլ մեր երկում կիբերսպորտի տարածումն է: Դա հնարավորություն կտա բարձր խաղամակարդակ ունեցող երիտասարդներին լիովին դրսեւորվել»,- նշեց Էդգար Սահակյանը:

Կիբերսպորտի նկատմամբ հասարակությունում երբեմն հանդիպող բացասական կարծիքների վերաբերյալ Սահակյանն ասաց. «Այդ իմաստով, մեր նպատակը կիբերսպորտի մասին առավելագույն տեղեկատվություն տրամադրելն է: Կիբերսպորտին բացասաբար վերաբերվող մարդը պետք է բացասաբար տրամադրված լինի նաեւ մյուս մարզաձեւերին: Այստեղ չկան վնասվածքներ, մարդիկ նպատակային բարձրացնում են վարպետությունը եւ մրցում են մարզական մթնոլորտում: Կիբերսպորտը ինտելեկտուալ մարզաձեւերի` շախմատի, շաշկու շարքում է: Այստեղ չկա ֆիզիկական ծանրաբեռնվածություն, չկա վնաս առողջությանը, բայց կա մարզական ոգի եւ հաղթանակի ձգտում», - վստահ է Էդգար Սահակյանը:

Կիբերսպորտի հեռանկարների վերաբերյալ NPCL նախագահը հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել տարվա ընթացքում անցկացվող մրցաշարերի թիվը: Դա կազմակերպիչների, խաղացողների եւ հովանավորների ցանկությունն է: Հաջորդ մրցաշարը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին:  

Նշենք, որ WCG (World Cyber Games) աշխարհի առաջնության հովանավորը  Samsung-ն է, իսկ Հայաստանի ընտրական փուլի հովանավորը` «ԱրմենՏել»-ը: