Շիրակի մարզի Անիի եւ Ախուրյանի գյուղացիական տնտեսություններին զգալի վնասներ է պատճառել հուլիսի 12-ի երեկոյան տեղացած կարկուտը:Մեծ վնասներ կրել են հատկապես մարզի Մարմաշեն եւ Ջրափի համայնքները: Վնասվել են համայնքների ցորենի, գարու, կարտոֆիլի ցանքատարածությունները: Բերք ստանալու ակնկալիք գյուղացիները չունեն, ասում են` կարկուտը բերքի շուրջ 50 տոկոսը ոչնչացրել է:

«Ինչ ունեինք,գետնին է հավասարվել, սա մեր գյուղում արդեն երկրորդ կարկուտն է: Առաջինը հունիսին եղավ, իսկ այս մեկն ավելի ուժեղ էր. ամեն ինչ փչացավ ե’ւ կարտոֆիլը ե’ւ հացը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել են Ջրափիի գյուղացիները: Իսկ Մարմաշենում բողոքել են, որ արդեն քանի տարի է` նույն վիճակն է. «Կարկուտը գալիս է, ջարդուփշուր է անում ամեն ինչ: Ամեն տարի էս վիճակն է, որովհետեւ հակակարկտային կայան չկա»:

Բացի ցանքատարածություններից` տեղացած կարկուտը վնասել է նաեւ պտղատու ծառերը, գյուղացիները հայտնվել են անելանելի դրության մեջ: Դեռեւս տարեսկզբին վարկ են վերցրել, մշակել հողատարածքները, հիմա, սակայն, բերք ստանալու ակնկալիք չունեն: