Ամերիկահայերը կասկածանքով են վերաբերվում Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի կողմից առաջադրված Ջոն Հեֆերնի թեկնածությանը, քանի որ վերջինս ժամանակին աշխատել է թուրքամետ եւ հակահայ կոնգրեսականի գրասենյակում, գրում է The Washington Times-ը:

Թերթը նշում է, որ Ամերիկայի հայկական համագումարն ու Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն կոչ են արել սենատորներին, Կոնգրեսում լսումների ժամանակ պատասխաններ պահանջել Ջոն Հեֆերնից, որոնք կայանալու են արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Ամերիկայի հայկական համագումարն արդեն հայտարարել է, թե Հեֆերնը պետք է պարզաբանի` արդյոք Հայաստանին վերաբերող հարցերում իր տեսակետները տարբերվո՞ւմ են նախկին գործատուի` կոնգրեսական Բիրեյթրի դիրքորոշումներից:

Նշենք, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հեֆերնի թեկնածությունը քննարկելու է այսօր` հուլիսի 13-ին: Դրական եզրակացությունից հետո թեկնածությունը ներկայացվելու է Սենատի նիստին: