Ադրբեջանի գլխավոր դատախազությունը որպես նոյեմբերի 30-ին ուսումնական թռիչքների ժամանակ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ուղղաթիռի կործանման պատճառ նշել է օդաչուների սխալը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով զոհվել է 14 մարդ։
Հետաքննության տվյալներով՝ «սեւ արկղի» տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուղղաթիռի ուղղահայաց արագությունը, թռիչքի հրահանգների խախտմամբ, գերազանցել է նորմը եւ ուղղաթիռի կառավարման կորստի եւ կործանման է հանգեցրել։
Հայտարարության համաձայն, հիմնվելով բազմաթիվ պարամետրերով ուղղաթիռի հսկողության ընթացքում արձանագրված տվյալների վրա, ՊՆ, Պետական սահմանապահ ծառայության, ASG Helicopter Services-ի պրոֆեսիոնալ մասնագետների կողմից տրված եզրակացության, ինչպես նաեւ հավաքագրված ապացույցների վրա, որոնք հաստատում են եզրակացության մեջ մատնանշված հանգամանքները, քննության այս փուլում պարզվել է, որ օդաչուների կողմից թույլ տրված կոպիտ սխալները, ուղղաթիռի շահագործման կանոնների խախտմամբ, հաշվի չառնելով քամու ուղղությունն ու արագությունը վայրէջքի ժամանակ, հանգեցրել են ուղղաթիռի կործանմանը:





























