Այս օրերին Հայաստանում է գտնվում աշխարհահռչակ ABBYY ընկերության փոխնախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձու Արամ Փախչանյանը, ով այսօր` հուլիսի 13-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում վարպետության դաս անցկացրեց` «Սեփական ՏՏ-բիզնես. ինչո՞վ զբաղվել եւ ինչպե՞ս դա իրականացնել» թեմայով:

Ա. Փախչանյանի խոսքով՝ Հայաստանն ունի խնդիրներ. աշխարհից կտրված է, փորձը սահմանափակ է, հայտնի չէ եւ չունի ներքին շուկա, սակայն, ունի նաեւ մի շարք հնարավորություններ, որոնք կարելի է օգտագործել: Օրինակ՝ չկա մրցակցություն ներքին աշխատուժի համար, ունի սփյուռք, որի հետ կապերը կարող են մեծապես աջակցել հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերություններին։

«Անիմաստ է սփյուռքը որպես շուկա դիտարկելը, սակայն կարելի է սփյուռքը որպես կապի միջոց օգտագործել` տեղեկատվություն տարածելու եւ արտասահմանյան վստահելի գործընկերներ գտնելու համար»,-ասաց Ա. Փախչանյանը՝ նշելով, որ միշտ ավելի վստահելի է ունենալ սփյուռքահայ գործընկեր կամ այլազգի ներկայացուցիչ։

«Առաջինններն ավելի պատրաստակամ են, հոգատար եւ ցանկություն ունեն աջակցելու իրենց ազգի ներկայացուցչին»,-ասաց Ա. Փախչանյանը։

Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ղեկավարներ, ոլորտի մասնագետներ եւ ուսանողներ, ովքեր ցանկություն ունեն իրենց ուժերը փորձել ՏՏ ոլորտում՝ որպես ձեռներեցներ։

Նշենք, որ ABBYY ընկերությունն հայտնի է իր FineReader Lingvo ծրագրերով: