Ադրբեջանը մանիպուլյացիայի փորձ է կատարում եւ ցանկանում է մոլորեցնել միջազգային հանրությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ դա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի կատարած հայտարարության երկու բաղկացուցիչ մասերից մեկն է։ Նշենք, որ Մամեդյարովը մասնավորապես ասել էր, թե պետք է անհապաղ սկսել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնագրի վրա աշխատանքը։ Դավիթ Բաբայանը Մամեդյարովի հայտարարությունը անտրամաբանական որակեց։

«Հայտարարության երկրորդ բաղկացուցիչ մասը հակասության մեջ է դնում Ադրբեջան պետությանն` ինքն իր հետ։ Այդ երկրի առաջին դեմքերը, այդ թվում՝ նախագահ Ալիեւը, ասում են, որ պատրաստ են բանակցային գործընթացում կառուցողական դիրքորոշում դրսեւորել, պատրաստ են քննարկման եւ առաջընթացի, սակայն մի քանի նախադասություն հետո հետո հերքում է իր իսկ բառերը։ Ի՞նչ է նշանակում «Լեռնային Ղարաբաղին միջանկյալ ստատուսի տրամադրումը զիջում է», ի՞նչ է նշանակում «մենք երբեք չենք ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եւ այն երբեք չի լինի Ադրբեջանի կազմից դուրս»։ Սա Ադրբեջանի նախագահի բառերն են, որոնցով նա մերժել է ադրբեջանական կողմի կառուցողականության մասին հայտարարությունները»,- ընդգծեց Բաբայանը։

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ավելի զգուշորեն վերաբերի Ադրբեջանին, եւ հասկանա այդ երկրի ոչ կառուցողական դիրքորոշումը։ «Խաղաղ բանակցությունների են գնում, իսկ հաջորդ օրը թատերականացված զինվորական շքերթ անցկացնում։ Նրանք ի՞նչ է, կարծում են, որ եթե մի քանի զինվոր Բաքվի փողոցներում կրակոցներ հնչեցրին, հարցը դրանով կլուծվի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պատերազմը թատրոն չէ, եւ «ով Ղարաբաղ սրով գնա, սրի հարվածից էլ կընկնի»։