Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մարզային բաժիններում կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ մասնավորապես պարզվել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության բնագավառներում կազմակերպական-տնօրինչական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու միջոցով մահացած կենսաթոշակառուների անվամբ եւ կենսաթոշակների չափն ավել հաշվարկելով 2009-2010թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից անհիմն դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափի գումար եւ յուրացրել:
Նկատի ունենալով, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ նախաքննություն իրականացնելու:
Հիշեցնենք, որ մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հարուցվել էր քրեական գործ նաեւ Երեւան քաղաքում կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ, որը նույնպես ուղարկվել էր ոստիկանություն՝ նախաքննություն իրականացնելու:




























