Արեւելյան Եվրոպայում Հայաստանն ունի իրազեկման ծրագրերում ամենամեծ ընգրկվածությունը, այստեղ նաեւ արձանագրվել է առաջընթաց երիտասարդության շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման մասին տեղեկացվածության առումով: Այս մասին այսօր` հուլիսի 13-ին, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի ծրագրի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Դենիս Բրաունը, ով բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված աշխատանքները:
Նրա խոսքով` կազմակերպությունը բարձր է գնահատել Հայաստանի կողմից «Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքն արգելող վարակիչ հիվանդությունների ցանկում» ՄԻԱՎ-ով հիվանդների սահմանափակումը հանելու որոշումը:Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՏԿՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ընթացքին, հանրապետությունում ՄԻԱՎ-ի տարածվածության կանխարգելմանն ուղղված միջոցառումները,Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, օրենսդրական դաշտի բարեփոխումների, բնակչության իրազեկման բարձրացման, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խնամքի եւ խտրական վերաբերմունքի մեղմման հարցերը գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Նրա խոսքով` ըստ հետազոտությունների, Հայաստանում նվազել են ռիսկային խմբերում ՄԻԱՎ-ի տարածվածության ցուցանիշները, սակայն ՀՀ կառավարությունը շարունակում է հետեւողական աշխատանքը` տարեցտարի ավելացնելով պետբյուջեում առողջապահության ծախսերը, ակտիվ համագործակցելով միջազգային եւ տեղական կազմակերպությունների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի հետագա ֆինանսավորմանը, ինչպես նաեւ իրազեկման եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող միգրանտների իրավունքների պաշտպանության ու խնամքի հարցերը մուտքի երկրների հետ համագործակցելով իրականացնելու հնարավորությունները: Ա. Գեւորգյանը նշել է, որ ՀՀ կառավարությունում կքննարկվեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից բարձրացված հարցերը` համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:




























