Գանձասարի վանքի շրջապարսպի տրավերտինե սալիկներով երեսպատումը դադարեցված է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչությունից: Նրանց փոխանցմամբ` հետագա անելիքը որոշվելու է մասնագետների հետ խորհրդակցությունից հետո:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Կառավարությանը կից պատմական հուշարձանների պահպանման եւ հետազոտման վարչության բաժնի պետ Սլավա Սարգսյանը տարածել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում էր. «Գանձասար վանական համալիրի 13-րդ դարի պատերը տվյալ պահին երեսպատվում են: Դեռեւս մայիսին վարչությունը նամակ էր ստացել Արցախի թեմից: Այնտեղ նշվում էր, որ գաղափարի հեղինակն ու ֆինանսավորողը Լեւոն Հայրապետյանն է: Գանձասարի համալիրի պատերի երեսպատման թույլտվություն չի տրվի, քանի որ դա կվնասի պատմական միջավայրին: Վարչությունը զբաղվում է այդ խնդրի լուծմամբ, քանի որ երեսպատման աշխատանքներն անօրինական են: Այդ աշխատանքները կարող են խանգարել համալիրին ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում»: Մասնագետների խոսքով` պատմական հուշարձանի վերակառուցման եւ ամրացման համար անհրաժեշտ է կազմել նախագիծ, քննարկել գիտամեթոդական խորհրդում եւ նոր միայն սկսել աշխատանքերը: