Դեկտեմբերի 18-ին ադրբեջանական «Յենի չագ» (արդիականություն) կայքի աշխատակից Սախավետ Մամեդը հրավիրվել է գլխավոր դատախազություն՝ կապված բանակում ռուսամետ զինվորականների մասին հրապարակումների հետ, փոխանցում է Turan-ը։
Նա հայտնել է գործակալությանը, որ իր նկատմամբ որեւէ ճնշում չի եղել, սակայն նրան տեղափոխել են դատարան, որը նրան տուգանել է 500 մանաթով (300 դոլար)՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 388-1.1.1-րդ հոդվածով (արգելված տեղեկատվության տեղադրում համացանցում): Հեղինակն անհիմն է համարել պնդումները, թե իր հրապարակումները նվազեցնում են բանակի մարտունակությունը։
Նրան չի հաջողվել ներկայացնել իր հրապարակումները, քանի որ դրանք հեռացվել են կայքից։ Սակայն նա հայտնել է, որ քննադատում է բանակում տիրող իրավիճակը եւ նշել, որ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից Նաջմեթին Սադիգովի հեռանալով իրավիճակը չի բարելավվել, քանի որ «ռուսամետ» զինվորականները մնացել են զինված ուժերում։
Մամեդն ասել է, որ դատարանի որոշումը ստանալուց հետո հետագա քայլեր կձեռնարկի իր իրավունքները պաշտպանելու համար։




























