Ես ողջունում եմ, որ 30 տարվա մեջ առաջին անգամ քաղաքական հայտ ներկայացվեց. Քաղաքական հայտն այն է, որ եթե համամասնական ցուցակով ընտրվում են, դա թիմային ընտրություն է, քաղաքական ծրագրի քաղաքական համակարգի ընտրություն է եւ այն ունի իր տրամաբանությունը, որ եթե այս կամ այն ուժի հետ գնացել եք եւ ստացել X ձայներ, պարտավոր եք այդ ուժի հետ շարունակեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:
«Եթե ունեք անհամաձայնություններ, պետք է հրաժարվեք եւ հեռանաք: Ես մի տրամաբանություն ունեմ: Պետք է շատ հետաքրքիր մոնիտորինգ արվի, հասկանանք՝ ինչ հնարավորություններ ենք ունեցել, այն մուտքերը, որ եղել են քաղաքապետարանի համապատասխան հաշիվներին եւ այն աշխատանքները, որ կատարվել են, դրանց ժամկետները, դրանց ծախսային մասը, արդյունավետության աստիճանը, արագությունը եւ տրամաբանությունը:
Օրինակ, ես որպես Երեւանի քաղաքացի պետք է հասկանամ, շինթույլտվությունների տրամադրումը ինչ տրամաբանությունից է բխել: Պետք է հասկանանք՝ դիմողներն ինչ խնդիր են առաջ քաշել, ովքեր են ստացել այդ իրավունքը, ովքեր չեն ստացել»,-ասաց Սուքիասյանը:











