Ռուսական ընկերությունները հավակնում են մասնակցել Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածի զարգացմանը։ Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը, ռուսական ընկերությունները Ղարաբաղում նախագծերի իրականացման 14 հայտ են ներկայացրել, այդ թվում՝ շինանյութերի, ջրի, սարքավորումների եւ կապի սարքերի արտադրության հայտեր։
«Ղարաբաղում նախագծերի իրականացման համար ռուսական ընկերություններից ներկայացվել է 14 հայտ (որպես ներդրող՝ չորս նախագիծ, իսկ որպես կապալառու՝ 10 նախագիծ)։ Նախագծերի մասնագիտացումն ուղղված է առեւտրի եւ ծառայությունների, շինարարության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներին», - նշել են նախարարությունում։
Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, մասնավորապես, նշել է, որ ««Արազի հովտի տնտեսական գոտու» արդյունաբերական պարկում նախատեսվում է ստեղծել «Կամազ» միասնական սպասարկման կենտրոն եւ Գյանջայի ավտոմոբիլային գործարան, որտեղ սպասարկվելու են «Կամազ» սարքավորումներ, այլ բեռնատարներ եւ գյուղտեխնիկա: «ԻՆՆՈՊՐՈ» ՓԲԸ-ն նույնպես մասնակցում է Հորադիզ-Աղբենդ երկաթգծի կառուցման նախագծին, պայմանագրով ընկերության ծառայությունների արժեքը կազմում է 12 մլն մանաթ (ավելի քան 520 մլն ռուբլի): «Կկազմակերպվի շինանյութերի արտադրություն, կստեղծվեն ջրի, սարքավորումների, կապի սարքերի արտադրության ձեռնարկություններ, երկաթուղիների ազդանշանային համակարգ («Ռեյլ-Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի հետ համատեղ)», - հավելել են նախարարությունում։




























