Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Լոնդոն այցելության ընթացքում հուլիսի 13-ին նա եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգը ստորագրել են Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների միջեւ «եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը բրիտանացի նախարարների հետ հանգամանալից քննարկել է քաղաքական երկխոսության, երկկողմ հարաբերությունների խթանման, միջազգային կառույցներում փոխգործակցության, գործարար կապերի, մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Որպես տնտեսական փոխգործակցության խորացման հնարավոր բնագավառներ նշվել են բարձր տեխնոլոգիաները, էներգետիկան, տրանսպորտը, բանկային համակարգը: Երկուստեք նշվել է, որ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը լուրջ խթան կարող է հաղորդել տնտեսական կապերի ակտիվացմանը եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-բրիտանական գործարար ֆորում անցկացնելու մասին:
Հայաստանի եւ Միացյալ Թագավորության ԱԳՆ-երի ղեկավարները խոսել են նաեւ տարածաշրջանային հարցերից, Մերձավոր, Միջին Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումներից:
Զրուցակիցները մանրամասն քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Այդ ենթատեքստում, նախարար Նալբանդյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ եւ հույս հայտնել, որ Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի, իրատեսության եւ կառուցողականության դրսեւորման պարագայում հնարավոր կլինի հասնել հիմնահարցի հանգուցալուծմանը: Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը Միացյալ Թագավորության աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին, շեշտելով վստահության ամրապնդման միջոցների ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունն ու հիմնախնդրի ռազմական լուծման անընդունելիությունը:



























