Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանը «Պայամբար-է Ազամ 17» (Մեծ մարգարե) կոչվող լայնածավալ վարժանքներ է անցկացնում, հայտնել է Mehr-ը։ Նրա խոսքով՝ վարժանքները Իսրայելի կողմից հնչեցված սպառնալիքների պատասխանն են։

«Եթե այս (իսրայելական) ռեժիմի պաշտոնյաները գոնե ինչ-որ բան անեն, կկտրենք նրանց ձեռքերը»,- ասել է գեներալ-մայորը։

Միաժամանակ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին նույնպես նշել է, որ զորավարժությունները կապված են Իսրայելի հետ։ Նրա կարծիքով՝ իրադարձությունները «դատարկ սպառնալիքներ» են առաջացրել հրեական պետության ղեկավարության կողմից։

«Այս վարժանքների ընթացքում տարբեր հարթակներից արձակված 16 հրթիռ ճշգրիտ հարվածել է թիրախին»,- հավելել է Բաղերին՝ ընդգծելով նաեւ, որ Իրանը զորավարժությունների շրջանակներում ցուցադրել է իր հրթիռային ներուժի միայն մի փոքր մասը։

Միաժամանակ, բրիգադային գեներալ Աբբաս Նիլֆորուշանը նշել է, որ վարժանքների շրջանակներում ԻՀՊԿ վարժվել են հակառակորդի հակաօդային պաշտպանության վահան ներթափանցելու, այդ թվում՝ ռադիոէլեկտրոնային պատերազմի հարձակողական միջոցների օգնությամբ։

«ԻՀՊԿ-ին հաջողվել է ճնշել հակառակորդի հակաօդային պաշտպանության հիպոթետիկ վահանը՝ էլեկտրոնային պատերազմի հարձակողական գործողություններ իրականացնելով հակառակորդի պաշտպանական համակարգերի դեմ՝ ներխուժման եւ թշնամու երկինք ներթափանցման համար տարածք ապահովելու համար», - ամփոփել է բրիգադային գեներալը։