Ամենակարեւոր եւ նաեւ որոշակի դժվարություններ ունեցող թեման այն է, որ մենք կարողանանք հանրության հետ խոսելիս ներկայացնել ԼՂ հարցի բանակցային գործընթացի բոլոր շերտերը. Բանակցային ողջ ընթացքում երբեք չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԼՂԻՄ-ը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ եւ միայն հայկական միավորում, որովհետեւ բանակցություններում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաեւ ադրբեջանցիներ եւ նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ: Ես նշել եմ, որ երբ խոսք էր գնում ԼՂ կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսվում էր Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության մասին: Դա նշանակում ոչ միայն հայկական բնակչությունը, այլ նաեւ ադրբեջանականը:

Ենթադրենք այդ հանրաքվեն հայկական մեկնաբանությամբ պետք է տեղի ունենար, իսկ այդ մեկնաբանությամբ երբեք տեղի չէր ունենալու, բայց հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ այդ հանրաքվեին պետք է մասնակցեն նաեւ ԼՂ-ի ադրբեջանցիները: Ենթադրենք ադրբեջանցիները պետք է մասնակցեին այն չափով, ինչ չափով մեկնաբանում է  հայկական կողմը: Հարց. Իսկ ԼՂ ադրբեջանցիները այդ համատեքստում նրանք էլ իրենց հերթին կարո՞ղ էին արդյոք բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը: Այս պարագայում ինչպիսի՞ հարաբերություններ պետք է առաջանային: Այս համատեքստում ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության ի՞նչ պատկեր պետք է արձանագրեինք»,-ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ այսօր արվում են հայտարարություններ, որոնք 2018-ի դրությամբ առկա բանակցային բովանդակության հետ ոչ մի իրական կապ չունեն. «Երբ ես ասում եմ, որ 2016-ին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, ես հենց այդ համատեքստը նկատի ունեմ: ԼՂԻՄ-ը միշտ դիտարկվել է որպես հայկական ու ադրբեջանական միավորում առնվազն բնակչության մասով:

Ինձնից առաջ բանակցողները թող ասեն ԼՂ-ի ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին: Իսկ որ հայկական կողմը բանակցություններում ընդունել է այս իրողությունը, ես դա կարող եմ ապացուցել անհրաժեշտության դեպքում: Ոչ թե մեկնաբանել, այլ ապացուցել»,-ընդգծեց նա:

Հարցին,թ ե ի՞նչ աղետ է տեղի ունեցել 2016-ին, Փաշինյանը պատասխանեց. «Տեղի է ունեցել շատ կարեւոր մի բան. 2016-ին համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների երեք փաթեթ, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ:

Այդ փաթեթներում նշվել է, որը հայկական կողմից շատ լայնորեն քարոզվում ու գովազդվում է, որ ԼՂ-ն ունի օրենսդիր մարմին, որ ԼՂ-ն ունի դատական իշխանություն եւ այլն, բայց ոչ մեկը չի ասում, որ ԼՂ կարգավիճակը ճշգրտելու հարցը ըստ այդ բանակցային բովանդակության տեղափոխվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:

Բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ ամեն ինչ անել, որ վերջնական լուծումը լինի Մինսկի խմբի տիրույթում: 2016-ին, ըստ էության, հարցի լուծման պարամետրերը տեղափոխվում են ՄԱԿ-ի ԱԽ:

Այստեղ լուծվելու է մի հարց, որ մինչեւ ԼՂ վերջնական կարգավիճակը լինելը ի վերջո, թեկուզ միջանկյալ կարգավիճակով Ղարաբաղն, ի վերջո, որ երկրի մաս է կազմելու: Երբ սա ՄԱԿ-ի ԱԽ-ում է սա շատ կանխատեսելի է դառնում, որովհետեւ ՄԱԿ-ի ԱԽ-ն դեռ 1993-ին ընդունել է բանաձեւ, որտեղ ասվում է, որ ա) «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան», բ) ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Այս աղետն է տեղի ունեցել 2016-ին:

Սա կարեւոր է նրանով, որ եթե ԼՂ այդ կարգավիճակն արձանագրվում է, նշանակում է նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի Սահմանադրության համաձայն»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ ըստ էության, ԼՂ կարգավիճակը հարցը 2016-ին վերադարձվել է ՄԱԿ-ի ԱԽ տիրույթ:

Հարցին, թե հիմա այդ փաստաթուղթն է սեղանի՞ն, նա պատասխանեց. «Պատերազմից հետո մենք դեռ պետք է մոտենանք վերադառնանք, հասկանանք եւ օրակարգ ձեւավորենք: Համանախագահները վերջին անգամ օրակարգ են առաջարկել, որը մեզ համար ընդունելի է»:

Անդրադառնալով հողերը հանձնելու վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքներին՝ Փաշինյանն ասաց՝ դա անհիմն մեղադրանք է, բայց կա լեգիտիմ մեղադրանք։ «Ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ եւ դա կլինի լեգիտիմ մեղադրանք: Եթե որեւէ մեկն ինձ ասի, որ դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնել այդ տարածքները, որ պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք: Իսկ մեղադրանքը, որ ես հանձնել եմ հողերը, անհիմն է: Ընդհակառակը, ես չեմ հանձնել, դրա համար է եղել պատերազմ: Չեմ հանձնել, որովհետեւ իսկ ինչ են ստանում դրա դիմաց: Ըստ էության, ոչ մի բան»,-ասաց նա: