Իրանն ինքնուրույն կարող է միջուկային վառելիք արտադրել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Իրանի փոխնախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Մոհամադ Էսլամին։
«Իրանն ինքնուրույն կարող է միջուկային վառելիք արտադրել։ Մենք բանակցություններ ենք վարել «Ռոսատոմ»-ի հետ եւ հույս ունենք, որ մեր փոխգործակցության շրջանակում եւ կնքված ծրագրերի ու պայմանագրերի հիման վրա կկարողանանք սկսել իրանական վառելիքի օգտագործումը Բուշերի ռեակտորում»,-ասել է Էսլամին։
Բուշերի ԱԷԿ-ում էներգաբլոկների կառուցումը համարվում է ռուս-իրանական խոշորագույն նախագիծ։ Ատոմակայանի առաջին բլոկը, որը վերակառուցվել է Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ, միացվել է Իրանի ազգային էներգահամակարգին 2011 թվականի սեպտեմբերին։ Ընթացքի մեջ է երկրորդ բլոկի շինարարությունը, երրորդի կառուցման մասին պայմանագիր է կնքվել։ Բացի այդ, Մոսկվան Թեհրանին մատակարարում է միջուկային վառելիք, որն անհրաժեշտ է առաջին էներգաբլոկի ռեակտորի աշխատանքի համար։ Ռուսական վառելիքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել 2020 թվականի ապրիլի 29-ին։





























