Երեւանում այսօր` հուլիսի 14-ին գումարվել է Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի պլենար նիստը:

Պլենար նիստի բացման ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարը, ինչպես երկրում համապատասխան կառույցների ու համակարգերի զարգացման, այնպես էլ միջազգային նախաձեռնություններին ակտիվ մասնակցության տեսանկյունից: Այս առումով շատ կարեւոր է ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի դերը:

ԿԲ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էգմոնտ խմբում ներկայացված յուրաքանչյուր երկրում մեծ ջանքեր են գործադրվում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի կատարելագործման ուղղությամբ, Հայաստանը եւս այդ ուղղությամբ շարունակական ու հետեւողական քայլեր է ձեռնարկում:

Հուլիսի 11-ին Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խումբն իր աշխատանքներ էր սկսել Երեւանում` Էգմոնտ խմբի կոմիտեի նիստի գումարմամբ:

Հուլիսի 12-ին Էգմոնտ խմբին անդամակցող շուրջ 30 երկրների միջեւ ստորագրվել են ֆինանսական հետախուզության մարմինների միջ¨ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆիանանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ 50-ից ավել փոխըմբռնման հուշագրեր:

Նշենք, որ Էգմոնտ խումբը ստեղծվել է 1995 թ-ին` նպատակ ունենալով համագործակցության միասնական հարթակ ձեւավորել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով ստեղծված տարբեր պետությունների ֆինանսական հետախուզության ազգային մարմինների (ՖՀՄ) համար: Էգմոնտ խմբի հիմնական դերը այդ կառույցին անդամակցող ՖՀՄ-երի միջեւ տեղեկատվության փոխանակման միասնական սկզբունքների եւ անվտանգ ցանցի գործարկումն ու զարգացումն է: Ներկայումս խմբին անդամակցում են 127 պետությունների ֆինանսական հետախուզության մարմիններ:

ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Էգմոնտ խմբի լիարժեք անդամի կարգավիճակ է ձեռք բերել 2007 թ. մայիսի 29-ին:

Նշենք, որ նիստին ներկա է եղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ այլ բարձրաստիճան հյուրեր: