Հյուսիսային Օսեթիայի եւ Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում հուլիսի 13-ինսահմանապահները ձերբակալել են Հայաստանի 44-ամյա բնակիչ Մ.-ին` կեղծ փաստաթղթերով: Տղամարդը հետախուզման մեջ է գտնվում հետիոտնին վրաերթի ենթարկելու մեղադրանքով, հաղորդում է region15.ru-ն:

Ժամը 12-ի սահմաններում անցակետ է ժամանել մարդատար ավտոբուսը, որն ուղեւորվում էր Տիխորեցկից Երեւան: Անձնագրային ստուգման ժամանակ սահմանապահները նկատել են նյարդայնացող մի տղամարդու: Պարզվել է, որ նա կեղծ փաստաթուղթ է ներկայացրել:

2008թ. հոկտեմբերին Մոսկվայում Մ.-ն վրաերթի է ենթարկել մի հետիոտնի եւ դեպքի վայրից դիմել փախուստի` օգնություն չցուցաբերելով տուժածին: Արդյունքում տուժածը մահացել էր դեպքի վայրում:

Սահմանապահները ձերբակալել են Հայաստանի քաղաքացուն եւ հանձնելու են Մոսկվայի ոստիկանությանը: