Հայաստանում կրկին մեծացել է հետաքրքրությունը փոքր ՀԷԿ-երի կառուցման նկատմամբ: Այդ մասին այսօր` հուլիսի 14-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` փոքր ՀԷԿ-երի շինարարության ակտիվացումը դրական կանդրադառնա նաեւ ՀՆԱ-ի աճի վրա:

Տարածքային կառավարման նախարարության առաջարկով այսօր` հուլիսի 14-ին կառավարությունը Վայոց ձորի Գնդեվազ եւ Գետափ համայնքներում փոփոխեց հողերի կատեգորիան` փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով: Բացի այդ` Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հողերի կատեգորիան փոփոխվեց տրիկոտաժի արտադրամաս, իսկ նույն մարզի Բալահովիտ համայնքում` բնակելի շենքեր կառուցելու նպատակով:

Նշենք, որ Հայաստանում գործում է մոտ 110 փոքր ՀԷԿ, որոնց միջին հզորությունը 130 ՄՎտ է, եւ տարեկան  արտադրում են 450 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Դա կազմում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 8 %-ը:

Բացի այդ` եւս 65 փոքր ՀԷԿ-եր գտնվում են շինարարության փուլում, որոնք ունեն նմանատիպ հզորություն եւ արտադրողականություն:

Սպասվում է, որ 2011թ. վերջում Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի քանակը կհասնի 165-ի: