Աղետի գոտում նախորդ տարիներին իրականացված բնակբաշխման փորձը հաշվի առնելով կարելի է ասել, որ ոչ պակաս կոռուպցիոն ռիսկեր է պարունակում   բնակարանների հատկացման փուլը: Այս մասին նշվում է «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ի հաղորդագրության մեջ: Պատճառն այն է, որ յուրաքանչյուր ընտանիք նախընտրում է բնակվել ցանկալի` հիմնականում 2-րդ կամ 3-րդ հարկի հարավային պատուհաններով բնակարաններից որեւէ մեկում:

Նույնիսկ 2010 թվականին, երբ բնակարանները հատկացվեցին հրապարակային վիճակահանություններով, բազմաթիվ  անօթեւան ընտանիքների մոտ առկա էր մտահոգություն դրանց արդարացի ընթացքի վերաբերյալ: Նրանք կասկածում էին, որ ոչ բոլոր բնակարաններն են վիճակահանությամբ բաշխվում: Կարելի է հասկանալ  անօթեւան ընտանիքների մտավախությունը. 22 տարի շարունակ ծայրահեղ ծանր պայմաններում ապրելով տնակներում, նրանք իրենց մաշկի վրա են զգացել բազում անարդարություններ:

Նման մտավախություններն ներկայումս առկա են բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների շրջանում, քանի որ ի տարբերություն 2010 թ.-ի` ընթացիկ տարում Գյումրիում երկրաշարժից անօթեւան ընտանիքների համար բնակելի  շենքերը կառուցվել են երկու տարբեր` Մուշ-2 եւ Անի թաղամասերում: Իսկ շահառուների մեծ մասը ձգտում են բնակարաններ ստանալ Անի թաղամասից, քանի որ այն առավել հին եւ կայացած թաղամաս է, համեմատաբար ավելի մոտ է քաղաքին եւ ունի կենսապահովման պայմաններ:

Բազմաթիվ անօթեւաններ դիմել են «Շիրակ Կենտրոն» եւ հայտնել, որ շատ պաշտոնյաներ  բնակարան ստանալու հավակնորդ իրենց հարազատներին եւ մերձավորներին խոստացել են միջամտել, որ նրանք բնակարաններ ստանան Անի թաղամասից:

Քաղաքացիների մտավախությունը ցրելու համար «Շիրակ կենտրոնն» առաջարկում է բնակարանները վիճակահանություններով բաշխել ոչ թե շենք առ շենք, այլ երկու թաղամասում կառուցված շենքերը միասին` ըստ սենյակների թվի` 1 սենայականոցները միասին, երկուսները միասին եւ այդպես շարունակ:

Առաջարկվում է նաեւ Անի թաղամասում կառուցվելիք մեկ, երկու եւ երեք սենյականոց բնակարանները համամասնորեն բաշխել ու անցկացնել 5 վիճակահանություն եւ յուրաքանչյուրում Մուշ-2-ի մի քանի շենքերի բնակարանների հետ միասին բաժանել Անի թաղամասում կառուցված 5 շենքերից մեկի բնակարանները:

«Շիրակ կենտրոնն» իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու, որ բնակարանների բաշխման վիճակահանություններն ընթանան թափանցիկ, եւ այդ նպատակով սեփական տեխնիկական ու ֆինանսական միջոցներով նկարահանելու ու www.shirakcentre.org վեբ կայքում տեղադրելու է 2011 թվականին Գյումրիում բնակարանների բաշխման վիճակահանությունների ամբողջ ընթացքի տեսաձայնագրությունները:

Նշենք, որ 2011 թ. Գյումրիում շահագործման է հանձնվելու 1756 բնակարան, որից  Մուշ-2 թաղամասում 33 բնակելի շենք` 1544 բնակարանով, իսկ Անի թաղամասում 5 բնակելի շենք` 212 բնակարանով, այդ թվում` 1 սենյականոց` 640 բնակարան,  2 սենյականոց` 528 բնակարան, 3 սենյականոց` 464  եւ 4 սենյականոց` 124 բնակարան: Անի թաղամասում 4 սենյականոց բնակարաններ չեն կառուցվել: