«Ռոսկոսմոս» պետական ​​կորպորացիան նոր համատեղ նախագծեր է առաջարկում Ադրբեջանին: Այս մասին ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է գերատեսչության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք թեթեւ երթուղային տրանսպորտ ենք առաջարկել վերականգնվող ադրբեջանական քաղաքների համար։ Մենք հիմա շատ հետաքրքիր եւ գեղեցիկ տրամվայներ ենք արտադրում։ Մենք արտադրում ենք «Մագլեֆ» համակարգը՝ մագնիսական լեւիտացիոն գնացքներ: Մենք պատրաստ ենք դրանք մատակարարել Ադրբեջանին, ինչպես նաեւ` բժշկական սարքավորումներ եւ շատ ավելին։ Ուստի ես ուզում եմ ասել, որ նույնիսկ «Ռոսկոսմոս»-ը միայնակ կարող է շատ կարեւոր գործընկեր դառնալ Ադրբեջանի տնտեսության համար»,- ասել է Ռոգոզինը։

Նա նաեւ հայտնել է, որ «Ռոսկոսմոս»-ը ծրագրում է Ադրբեջանի տիեզերական գործակալության հետ համատեղ գործունեություն ծավալել տիեզերքից Երկրի հեռահար զոնդավորման ոլորտում։

Բացի այդ, Ռոգոզինը կարծում է, որ Ադրբեջանը պետք է տիեզերական ապարատների ուղեծրային խմբավորում ստեղծի, եւ ռուսական պետական ​​կորպորացիան պատրաստ է կիսել իր փորձը, ինչպես նաեւ` անհրաժեշտ աջակցություն տրամադրել»:

«Դուք տիեզերական ապարատներ ունեք, որոնք, ըստ էության, ստեղծվել են Ադրբեջանի շահերից ելնելով, բայց կարելի է շատ ավելին անել, եւ մենք կարող ենք այստեղ շատ սերտ համագործակցություն առաջարկել՝ ընդհուպ մինչեւ տիեզերական ապարատների ստեղծում եւ տիեզերական ֆոտոնկարահանման եւ տեսանկարահանման համատեղ օպերատորական տիեզերական ծառայությունների ստեղծում, ուստի, ի լրումն դրան, պետք է ասեմ, որ Ադրբեջանն ունի դրա ռեսուրսները»,- ասել է նա։

Ռոգոզինն ընդգծել է, որ «Ռոսկոսմոս»-ը նախատեսում է զարգացնել համագործակցությունն Ադրբեջանի հետ ոչ միայն տիեզերական, այլ նաեւ էներգետիկայի, տրանսպորտի եւ բժշկության ոլորտներում։

Հեռուստաալիքի տվյալներով՝ մոտ ապագայում Ռոգոզինը ծրագրում է գալ Բաքու եւ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։