Իսպանիայում ցուլերի ավանդական վազքի, այսպես կոչված, «էնսյերրոյի» ժամանակ, որն Իսպանիայի Պամպլոնա քաղաքի փողոցներում շարունակվել է շուրջ 1 շաբաթ, այս տարի առանց զոհերի է անցել: Տուժածների ընդհանուր թիվը կազմել է 42, հաղորդում է ria.ru-ն:
Այսօր` հուլիսի 14-ին տեղի է ունեցել վերջին` 8-րդ «էնսյերրոն», որին մասնակցել է 6 ցուլ եւ հարյուրավոր մարդիկ, ովքեր ցանկացել են վազել ցուլերի հետ միասին:
Իսպանիայի Կարմիր խաչի ներկայացուցիչ Խոսե Ալդաբան հայտնել է, որ այսօրվա 850 մետր վազքից հետո, որը տեւել է 2 րոպե 20 վայրկյան, թեթեւ վնասվածքներով քաղաքային հիվանդանոցում է հայտնվել 3 մարդ:
Որպես կանոն Պամպլոնայում տոնն սկսվում է հուլիսի 6-ին` Սուրբ Ֆերմինի օրվա նախօրեին եւ շարունակվում 9 օր: «Էնսյերրոյի» համար կազմակերպիչներն ընտրում են ամուր ցուլեր, որոնք պետք է հաղթահարեն հատուկ նախատեսված մայրուղին եւ հասնեն արենա, որտեղ երեկոյան տեղի է ունենում ցլամարտը: Որպես կանոն վազքը երեք րոպեից ավելի չի տեւում:
Ցուլերի ու մարդկանց համատեղ վազքը սովորաբար ավարտվում է վնասվածքներով եւ անգամ մարդկանց մահով: Ցուլերը հաճախ իրենց ոտքերի տակ են առնում մարդկանց եւ կարող են կոտոշների հարվածով սպանել:
1924 թվականից ի վեր «էնսյերրոների» ժամանակ մահացել է 15 մարդ: Վերջին դեպքն արձանագրվել է 2009-ին:




























