Այսօր, հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրահայտ ռեժիսոր Աբաս Քիարոստամին ներկայացրեց իր «Վավերացված պատճեն» ֆիլմը, որն անցյալ տարի Ոսկե արմավենի բերեց գլխավոր դերակատարուհուն` Ժուլյետ Բինոշին:

«Սովորաբար, ռեժիսորները չեն պատմում իրենց գաղափարների մասին, սակայն ես մի երկու խոսքով կներկայացնեմ ֆիլմս»: Դա մի պատմություն է բրիտանացի Ջեյմսի եւ անանուն ֆրանսուհու մասին: Եվ չնայած այն բանին, որ կինոնկարում առկա է մեկ այլ սյուժետային գիծ` պատճենի եւ օրիգինալի խնդիրը բուն արվեստում, այն օգտագործված է միայն առաջինը լավագույնս բացահայտելուն: Հերոսները, որ առաջին հայացքից անծանոթ են թվում, հանկարծ ամուսնական զույգի դեր են ստանձնում: Մի աբսուրդ իրավիճակ է ստեղծում, որն այդպես էլ թույլ չի տալիս հասկանալ, ամուսնացած են արդյոք նրանք, թե ոչ: Իսկ բնագրերի խնդրի լուծումը Քիարոստամին հուշեց մամլո ասուլիսի ժամանակ. «Իրականում բնագրեր գոյություն չունեն: Ինչն էլ որպես բնագիր ընդունես, բնագիր կդառնա»:   

Քիարոստամին պատմեց նաեւ, որ նախքան ֆիլմը նկարահանելը, ցույց է տվել սցենարը Մարտին Սկորսեզեին: Նա այն շատ է հավանել եւ ասել է. «Ընթերցման ժամանակ հիշեցի բոլոր կանանց, ում երբեւէ սիրել եմ»:

Հիշեցնենք, որ հենց «Վավերացված պատճեն» ֆիլմը ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը: