Գլխավոր դատախազության մոտ այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ի պաշտպանություն «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի բողոքի ակցիան ավարտվեց:
Հավաքը վարողը ավարտին հայտարարեց. «Մենք մեր պայքարը շարունակելու ենք այնքան, մինչեւ հասնենք մեր վերջնական հաղթանակին, այն հաղթանակին, որը կնպաստի հայրենիքի փրկությանը: Մենք պարտք ունենք մեր զոհված տղաներին եւ այսօր գիշերը մեր տեղը «Եռաբլուրն» է, մեր տղերքի հետ, որովհետեւ մենք նրանց եւ մեր սերունդներին պատասխան ունենք տալու»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտել էր, որ օրերս ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։
Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը վերջապես հանգել է հետևության, որ նկարագրված գործողությունները հանցագործություններ չեն հանդիսանում, և այդ մասով Աշոտ Մինասյանն ունի արդարացվածի կարգավիճակ։
Այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միմիայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (միջին ծանրության հանցանք, առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում)։
Հիշեցնենք, որ խոսքը գնում է 2020 թվականի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում հայտնաբերված զենք- ռազմամթերքին, որի հետ Աշոտ Մինասյանի կապն այնքան է, որքան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը։





























