Ինքնակոչը, ով ներկայացել է որպես Ադրբեջանի ԱԻՆ գնդապետ, հանդիպումներ է ունեցել Թուրքիայի Մարմարիսի քաղաքապետարանի նախագահ Մեհմեդ Օքթայի հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մարմարիսի քաղաքապետարանի նախագահ Մեհմեդ Օքթայը սոցցանցում հայտնել է, որ Ադրբեջանի ԱԻՆ աշխատակից, գնդապետ Ռասիմ Ահմեդի հետ միասին մեկնել է Մարմարիս՝ Թուրքիայի անտառային հրդեհները մարելու։ Մ.Օքթայը գրել է, որ վերջերս կրկին հանդիպել է Ռ.Ահմեդին։ Քաղաքապետը ԱԻՆ գնդապետին հուշատախտակ է հանձնել եւ հանդիպումից լուսանկարներով կիսվել սոցցանցի իր էջում։
Մ.Օքթայի հրապարակումից հետո թուրքական մամուլն այս կապակցությամբ հետաքննություն է անցկացրել։ Պարզվել է, որ ոչ մի բաց աղբյուրներում Ադրբեջանի ԱԻՆ աշխատակից Ռասիմ Ահմեդի մասին տեղեկություն չկա։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Մեհմեդ Օքթայի հետ հանդիպած անձը նախարարությունում չի աշխատում։





























