Ֆրանսիան մտադիր է համագործակցել Ադրբեջանի հետ Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներն ուսումնասիրելու հարցում: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը:
«Ֆրանսիայի դեսպանատունը կապահովի համագործակցության հնարավորությունների իրագործումը 2022 թվականին, մասնավորապես, ականազերծման, առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհետ կորածներին որոնելու եւ տարածաշրջանային զարգացման հարցերում, հատկապես, Աղդամում, որտեղ Ֆրանսիան առաջարկում է իր փորձառությունն ու ֆինանսավորումը ջրային էներգետիկ ցանցերի վերանորոգման համար»,-ասվում է դեսպանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան պաշտոնական կայքում:
Ինչպես նշել է Գրոսը, Ադրբեջանը վերջին տարիներն ամրապնդել է իր կապերը Եվրամիության հետ: «Եվրոպական Միության հետ Ադրբեջանի կապերը վերջին տարվա ընթացքում ամրապնդվել են, հատկապես, դեկտեմբերի 10-ին կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: ԵՄ 27 երկրներն առաջարկում են Ադրբեջանին խորացնել համագործակցությունը տարածաշրջանային փոխգործակցության, կայուն զարգացման եւ տնտեսական դիվերսիֆիկացիայի ոլորտներում: Այդ համագործակցությունը կարող է եւ պետք է իրագործվի՝ ի նպաստ ավելի սուվերեն Եվրոպայի եւ Ադրբեջանի Հանրապետության՝ հիմնական միջազգային մարտահրավերներին հակազդելու նպատակով»:




























