Թեհրանում խիստ արգելք է մտցվել. կանայք չեն կարող այցելել հասարակական վայրեր, ուր նարգիլե են ծխում: Այս արգելքն առաջին հերթին տարածվում է թեյարանների եւ սրճարանների վրա։ Այս մասին իրանական հեռուստատեսությանն ասել է մայրաքաղաքային ոստիկանության ղեկավարը, հայտնում է iran.ru-ն։

Նրա խոսքով, գործողությունն իրականացվում է «բարքերի անվտանգության» ամրապնդման շրջանակներում։ Արգելքը համաձայնեցվել է դատական իշխանությունների հետ եւ կիրառվում է՝ ի պատասխան «բազմաթիվ խնդրանքների եւ դիմումների»։

«Իրավապահ մարմինների աշխատակիցները կձերբակալեն թույլ սեռի ներկայացուցիչներին, եթե անգամ նրանք այդ տեղերում գտնվեն իրենց տղամարդ բարեկամների հետ։ Ոստիկանությունը մտադիր է վերահսկել նաեւ ավանդական ռեստորանները եւ հասարակական սննդի մյուս կետերը, սակայն արգելքն առայժմ տարածվում է միայն թեյարանների եւ սրճարանների վրա, որտեղ նարգիլե են ծխում»,- ասել է գեներալը՝ միաժամանակ չհայտնելով, թե ինչ պատիժ է սպառնում օրինախախտ կանանց։