Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը իտալացի քանդակագործներին առաջարկել է Երեւանում քանդակագործության միջազգային սիմպոզիում կազմակերպել,եւ քանդակները տեղադրել Իտալիայի փողոցում:
Նա այսօր` հուլիսի 15-ին հանդիպել է Շուշիում քանդակագործության առաջին միջազգային սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երեւան ժամանած արվեստագետներին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին, որոնց թվում են Հռոմի եւ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսորներ, ազատ քանդակագործներ, քաղաքապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին եւ կազմակերպիչներին, ինչպես նաեւ մասնակիցներին` ցուցաբերած պատրաստակամության եւ այն առաքելության համար, որ կիրականացվի Արցախում:
Երեւանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այն հրաշալի սկիզբ է եւ պետք է շարունակություն ունենա Երեւանում: Քաղաքապետն առաջարկել է նմանատիպ միջոցառում անցկացնել նաեւ Երեւանում եւ ստեղծված քանդակները տեղադրել Իտալիայի փողոցում: Նշելով աշխարհում Իտալական արվեստի մեծ համբավի եւ այդ արվեստի լավագույն ավանդույթները Հայաստանում կիրառելու պահանջարկը, քաղաքապետն առաջարկել է իտալացի մասնագետների ներգրավմամբ Երեւանում գեղարվեստի եւ դիզայնի դպրոց հիմնել:
Իտալական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել ինչպես այս առաջարկները, այնպես էլ փոխանակման ծրագրերին առնչվող հարցեր: Հյուրերը նշել են, որ արվեստի բնագավառում ճիշտ մոտեցումներն ու նախաձեռնությունները շատ դռներ կարող են բացել:




























