Կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ տրամադրելու դեմ բողոքները Հայաստանում մեկնաբանվում են միայն հայ-վրացական հարաբերությունների տեսանկյունից, ինչն այնքան էլ ճիշտ չէ. դա Վրաստանի ներքաղաքական հարցերից է: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով, Վրաստանի խորհրդարանն օրենքն ընդունեց արագացված կարգով՝ ակնհայտորեն այդ երկրի նախագահ Սահակաշվիլիի ճնշման ներքո։ Դրանից հետո սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ։ «Չնայած, որ բողոքը հինականում ուղղված էր հայ եկեղեցու դեմ, սակայն դա այնքան էլ հայ-վրացական հարաբերությունների հարց չէ, որքան Վրաստանի ներքին քաղաքականության»,- ասաց նա:
Նշենք, որ վրացական խորհրդարանի հուլիսի 5-ի որոշմամբ իրավաբանական անձի կարգավիճակ է տրվել Հայ առաքելական եկեղեցուն, Կաթոլիկ եկեղեցուն, Մահմեդական համայնքին, Հրեական համայնքին եւ Բապտիստական եկեղեցուն:




























