Իշխանությունների դեմ առաջինը բողոքի ալիք բարձրացրած Ակտաու քաղաքի բնակիչները կրկին հավաքվել են հանրահավաքի։ Telegram Պոլիտավր ալիքը տեսանյութ է տարածել, որում հստակ երեւում է, որ խոսքը բացառապես խաղաղ ցուցարարների մասին է։ Կադրերում «ահաբեկիչներ» չկան։ Մինչ Ալմա Աթայում արյունահեղությունը հաղորդվում էր, որ Ակտաուում իրավապահները անցել են ցուցարարների կողմը։
Ղազախստանի իշխանությունների կազմակերպած տեղեկատվական շրջափակման պայմաններում երկրի շրջաններում տիրող իրավիճակի մասին շատ սուղ տեղեկատվություն է ստացվում։
Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները «ահաբեկիչների» հայտնվելու մասին սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ կորցրին երկրում իրավիճակի վերահսկողությունը։ «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունը մինչեւ հիմա ի վիճակի չգտնվեց անգամ հանդես գալու հայտարարությամբ, չգումարվեց նաեւ Ղազախստանի խորհրդարանը։ Արեւմտյան ԶԼՄ-ները, քաղաքացիական հատվածի եւ ընդդիմության ներկայացուցիչները նախօրեին հայտարարել էին, որ զինվորականները կրակ են բացել գերազանցապես անզեն երիտասարդների ուղղությամբ։





























