ԵՄ մուտքի վիզաների դյուրացման գործընթացն ու միգրացիոն խնդիրներ են քննարկվել հուլիսի 14-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ համագործակցության արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի երկրորդ նիստում:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում քննարկվել են նաեւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, սահմաների կառավարմանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանում եւ ԵՄ-ում վերջին օրենսդրական զարգացումների, Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների եւ այս ոլորտում ԵՄ տրամադրվող աջակցության վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, միգրացիայի պետական գործակալության, ոստիկանության եւ գլխավոր դատախազության ներկայացուցիչները: Եվրոպական կողմից նիստին մասնակցել են ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության, ԵՀ ներքին գործերի եւ արդարադատության գլխավոր տնօրինությունների ներկայացուցիչները: