Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին մասնակցելու համար Ստամբուլում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր ցավակցությունն է հայտնել հուլիսի 14-ին սպանված 13 թուրք զինվորականների համար։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝  Հիլարի Քլինթոնն իր խոսքում նշել է, թե խորին վշտակցություն է հայտնում սպանված 13 թուրք զինվորականների համար եւ ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին։ «Ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիային աջակցում ենք եւ շարունակելու ենք աշխատել թուրքական իշխանությունների հետ։  Տասնյակ հազարավոր թուրքերի կյանք խլած PKK-ի դեմ պայքարում մենք Թուրքիայի կողքին ենք։  Առաջիկա 2 օրում կհանդիպեմ թուրք ղեկավարների հետ եւ անձամբ կհայտնեմ համագործակցության հետ կապված մանրամասները»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նշենք, որ Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին մասնակցելու համար Ստամբուլ են ժամանել տարբեր երկրների մոտ 3 տասնյակ ղեկավարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օրակարգում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի խնդիրը։